Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Սեուլին մեղադրել է քարոզչական թռուցիկներով անօդաչու թռչող սարքեր Հյուսիսային Կորեա ուղարկելու մեջ՝ դա անվանելով ռազմական սադրանք։ Նա պահանջել է «անհապաղ ռազմական գործողություններ»՝ պաշտպանելու համար երկրի ինքնիշխանությունը։ Ավելի քան 1,4 միլիոն հյուսիսկորեացի երիտասարդներ ցանկություն են հայտնել միանալ բանակին՝ Հարավային Կորեայի հետ սահմանին լարվածության պայմաններում՝ հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:               
 

«Երկու հայր»

«Երկու հայր»
05.04.2024 | 12:09

1896-ի կոտորածի ձմեռն էր։ Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին։ Նրանց մեջն էր եւ Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսը։

-Հայրիկի աջը կուզեմ համբուրել,- խնդրեց նա Վեհարանում, ու ներս թողին։

-Բարով, տեր հայր,-աջը մեկնեց Հայրիկը։

Քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված։

-Ո՞րտեղից կուգաս։

-Սասունի կողմերեն. Ես Ա-ի տեր Սարգիսն եմ…

-Ա-ի տեր Սարգի՞սը…

-Այո՛, Հայրիկ։

-Է՞…

-Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսերս տարան, թոռներս կորան, տունս թալնեցին, վառեցին․ մնացի այսպես…

-Է՜, հիմի…

-Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ։ Ես… այնպես եկել եմ… եկել Հայրիկին ասեմ… էլ ոչինչ չեմ ուզում…

Ու Հայրիկի առջեւ կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում։

Երկուսն էլ լուռ էին։

-Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,- գլուխը վեր քաշեց կաթողիկոսը։

-Ամենքը միասին քսան, Հայրիկ։

-Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,- պատասխանեց Հայրիկը,-այդ էլ քսան՝ եղավ քսան հազար ու քսան… Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս…

Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր։

-Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս։

- Հայրիկինը։

-Դե, ե՛կ, տեր Սարգիս, մոտ ե՛կ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ։

Ասավ ու գլուխը խոնարհեց։

Քահանան շտապեց առաջ, աջը դրավ իր Հայրապետի գլխին, սկսեց աղոթք մրմնջալ, ու աչքերը լցվեցին արտասուքով…

Նա օրհնում էր Հայոց Կաթողիկոսի՜ն… Նրա առջեւ խոնարհած էր Հայոց Հայրիկը…

Հովհ. Թումանյան

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ Ֆբ էջից

Դիտվել է՝ 5212

Մեկնաբանություններ